Երբ գրասեղանիդ բուրում է եղրևանին, չես ուզում քաղաքականության մասին գրել՝ ամենաահեղ սպանությունը գարշահոտությամբ է: Բայց կյանքը կյանք է իր բոլոր հոտերով: ԿԸՀ-ում ԲՀԿ-ի սքանչելի սկանդալը հաստատ այս խորհրդարանի հետ կապված վերջինը չէր: Դաշտը մաքրվում է, բայց մաքրվում է այնքան, որքան մենք ենք մաքրության պատրաստ: Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների սկանդալը ստվերեց ՍԱՍ-ինը: Երկուսն էլ մնացին անհետևանք՝ չկան մեղավորներ, ոչ էլ պատժվածներ կլինեն, իսկ անօրինականությունն առերևույթ չէր, պարզապես շատ տարածված էր ու անարդար կլիներ՝ հարյուրից մեկին բռնել ու պատժել: Թեկուզ՝ առերևույթ: Մենք ընդունում ենք ի գիտություն, ըմբռնումով ենք վերաբերվում: Ինչո՞ւ:
Մեզնից ամեն մեկը սպասում է, որ ինչ-որ մեկը պիտի քայլ անի, կամ՝ ինքը չգիտի ինչ անել: Սա մակերեսային պատճառն է, իսկ խորքայինը քաղաքական է՝ սև ագռավների երամում սպիտակ ագռավին կտցում ու երամից վտարում են: Հիմա պայքարը օտարների ու յուրայինների միջև չէ, յուրայիններն էլ շերտավորված են՝ յուրայինների յուրայիններ, երկրորդական յուրայիններ, օտար յուրայիններ: Ի՞նչ ցույց տվեց Գագիկ Ծառուկյանի դաշինքից պատգամավոր դառնալու ու չդառնալու ոդիսականը: Որ պատգամավորի յուրաքանչյուր թեկնածու նախապես մանդատից հրաժարվելու դիմում է գրում՝ բազմիցս հրապարակված փաստ է: Պատգամավորի թեկնածուները չգիտե՞ն, որ անօրինական է: Գիտեն, ինչո՞ւ են գրում: Եթե չգրեն, ընտրացուցակում չեն հայտնվի: Առաջին անգամ չէ, միայն Գագիկ Ծառուկյանի հայտնագործությունը չէ, որ պատենտավորի ու բիզնես անի միջազգային մակարդակով: Ասենք՝ գյուտը շեյխերին վաճառի: Առաջին անգամ է, որ Գագիկ Ծառուկյանի հավատարիմ հպատակներն ապստամբում են: Նախորդ ընտրություններում ԲՀԿ ընտրացուցակի ոչ յուրայինները լուռումունջ դնում էին մանդատն ու մոռանում խորհրդարանի տեղը: Ինչո՞ւ նորագիրները խախտեցին ավանդույթը: Կամ՝ վատ բեմադրած ներկայացում էր՝ ԿԸՀ-ի միզանսցենով, հետոյի հանդիսատեսի համար: Կամ՝ Գագիկ Ծառուկյանի առյուծները կուշտ են ու պատգամավոր ուտելուց հրաժարվել են գրավոր՝ նոտարով վավերացված: Նրանց նոտարը Հովիկ Աբրահամյանի դուստրը չի եղել՝ օրինական վավերացում է: Աննա Աբրահամյանին պատասխանատվության ենթարկելո՞ւ են՝ իր «վավերացրած» դիմումների համար: Բնականաբար՝ ոչ:
«Ինչպե՞ս եք վավերացրել պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումները առանց պատգամավորների ներկայության և ստորագրության: Ձեր արածը քրեական պատասխանատվություն է ենթադրում» հարցին նա պատասխանել է. «Այդպիսի բան չկա: Իմ ցանկացած արած գործարքի ժամանակ ներկա են եղել բոլոր այն քաղաքացիները, ովքեր գրել են այդ դիմումները: Մնացածը ցանկալի է, որ ավելորդ հարցեր չտաք, քանի որ նոտարական գաղտնիք է դա»: Նոտարական գաղտնիքը, սակայն, ընտանեկան է, իսկ ընտանիքը սրբություն է: Այնքան սրբություն, որ նոտարը վավերացնում է դատարկ թուղթը, հետո ինչ կգրվի՝ կգրվի: Ինչո՞ւ ոչ: Հարմար է:
«Ծառուկյան» դաշինքից մայիսի 2-ին 23 ինքնաբացարկի դիմում ընդունած ԿԸՀ նախագահը մայիսի 3-ին 12-ին մանդատ տալու որոշում կայացրեց: Ինքնագլո՞ւխ: «Ծառուկյան» դաշինքից 12 պատգամավոր դուրս եկան Ծառուկյանի դեմ դեռ մինչև խորհրդարան: Ո՞վ չգիտեր, որ ընտրությունները Հայաստանում կատարվում են ոչ ընտրության օրը, և ընտրողը ոչ թե ժողովուրդն է, այլ կուսակցապետը, որ նախ կազմում է ընտրացուցակը իրեն հայտնի չափանիշներով, հետո՝ բացում կամ փակում դռները: Հենց այնպես: Ըստ անձնական նվիրվածության սանդղակի, ըստ քաղաքական պահի ու խնդրի, ըստ նպատակահարմարության, ըստ էության: ՈՒ մենք տեսնում ենք, որ.
1. Ընտրությունները տոն են Հայաստանում, որին նախապատրաստվում են երկար, մանրամասն ու սիրով: Նախ՝ քննարկումները սկսվում են ընտանիքում, հետո կլանում, հետո շրջանակները ընդլայնվում են մինչև շրջապատ, բայց որոշումները կայացվում են միանձնյա՝ կուսակցության ներսում, իշխող ու իշխելու ցանկություններով կուսակցությունները ընտրությունների շրջանում գործում են չգրված օրենքներով:
Չգրված թիվ մեկ օրենքը՝ «Կուսակցությունը ես եմ», ամենաարդյունավետն է, որ հարգալից ու տևական սպասման մեջ է պահում ամբողջ կուսակցությանը՝ ձևական հղումներ անելով Ընտրական օրենսգրքի ժամկետներին:
2. Պատճառաբանվում է ներկուսակցական կարգապահությամբ, իրականում կա վախ՝ չեն ստանա՝ ինչի հավակնում են, եթե իրենց սխալ պահեն:
3. Ժողովրդի վստահության քվե, ծրագրեր, խոստումներ, նպատակներ՝ մոռացեք, մանդատն ինքնանպատակ է՝ կուսակցությանը տալիս է իշխանություն, անդամին՝ պաշտպանության երաշխիք անկանխատեսելի դեպքերից, անձեռնմխելիության վահան՝ հինգ տարով՝ ձեզ հինգ տարի կհարգեն, ձեզնից կվախենան ու ձեզ կծառայեն, վա՞տ է: Ամիսը հազարդոլարանոց աշխատատեղ է՝ ի վերջո: Ընդամենը պարբերաբար փառաբանող ելույթներ կունենաք, ու՝ ամեն ինչ ձերն է: Ընդամենը կողմ կքվեարկեք կառավարության օրինագծերին և դեմ՝ ընդդիմության օրինագծերին, մնացածը՝ ինչ կասեն:
4. «Ծառուկյան» դաշինք չկա, կա ԲՀԿ, և կա ԲՀԿ նախագահ: ԲՀԿ նախագահը իր արեալում երբեք հարկ չի համարել որոշումները բացատրել, հրամայել է՝ կատարել են: ՈՒ դա ընկալվել է նորմալ՝ ոչ ոք չէր ունենա, ինչ ունի՝ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: Ընդհանրապես հաջողվել է աղբը տնից դուրս չբերել, եթե չի հաջողվել, աղտոտողի ձեռքը տվել են, դուռը ներսից կողպել:
5. Մայիսի 3-ի մանդատային «ապստամբությունը» վկայում է, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարման մեխանիզմներում ինչ-որ պտուտակ սխալ է պտտվել՝ կամ նա «սխալ» մարդկանց է ընտրել յուրային, կամ այդ մարդիկ նրան պարտադրվել են, կամ սովորական հայկական երախտամոռություն է՝ փող են ծախսել ու չեն ուզում կորցնել: Կամ՝ ավելի շատ, բայց ուրիշ փող տվող է եղել:
6. Հետընտրական այս սկանդալը միայն Գագիկ Ծառուկյանի գլխացավանքը չէ՝ բոլոր ընտրողների գլխացավանքն է, որ քվեարկել են ու չեն քվեարկել ԲՀԿ-ի օգտին: Քվեարկողները համարում են, որ ԲՀԿ ընտրացուցակի հետ կապ չունեն, ձայն են տվել բարերար Գագիկ Ծառուկյանին, մնացածի հետ գործ չունեն, իսկ նրանց ձայներով քվե են ստացել մնացածը, որ նրանց ձայն չտվածների խնդիրն է:
7. Ի՞նչ են անելու 12 պատգամավորները խորհրդարանում՝ մնալու են Գագիկ Ծառուկյանին հավատարի՞մ, թե՞ անցնելու են ՀՀԿ: Եվ ո՞ր ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի: Ակնհայտորեն՝ վարչապետի: Հազիվ թե ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի «հրաժարյալները» փոխհամաձայնեցված չէին: Խաղը դառնում է անկառավարելի՞: Ոչ: Երկրորդ խաղացողը հաստատում է իր մասնակցությունը խաղին: Ներկայացումը նոր է սկսվում, սա նախանախաարարն էր:
Մայիսի 18-ին վեցերորդ գումարման Ազգային ժողովը կանի առաջին նիստը, որի բոլոր մանրամասները կանոնակարգված են: Օրհներգ, ուղերձներ, երդում, ընտրություններ՝ ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների: Մայիսից հունիս՝ վարչապետի նշանակում, նախարարների: Ընթացքում խաղն ավելի հասկանալի կդառնա, պայքարի ձևերն ու դրսևորումները՝ ոչ: Գլխավոր հարցը դառնում է վարչապետի ընտրությունը: Ոչ հիմա, եկող տարի, երբ կավարտվի նախագահական ժամկետը: Իշխանական քաղաքական ամբողջ դաշտը հիմա ուղղորդված է այդ ժամկետին:
Տարբերակները երեքն են.
1. Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ:
2. Կարեն Կարապետյանը մնում է վարչապետ:
3. Ֆորս մաժոր կամ անկանխատեսելի իրավիճակ, երբ ինչ-որ պատճառով երկուսն էլ Հանրապետության հրապարակ չեն գնում:
Գագիկ Ծառուկյանը երեք տարբերակներում էլ նշանակված է գործող անձ: Եվ երբ այդ գործող անձի շքախմբում հայտնվում են առերևույթ սեփական տեսակետ ունեցողներ, վկայում է, որ հետընտրական գործընթացներ կան ու լինում են: Այնուամենայնիվ: Պարզապես՝ ոչ Ազատության հրապարակում ու փողոցներում, այլ՝ որոշակի հասցեներում՝ փակ դռներից ներս: Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին պետք է նախ իբրև շանթարգել՝ հարկ եղած պահին հարկ եղած տեղում բարեգործությամբ մարելու համար անհասկացող մարդկանց անպատեհ ընդվզումը: Հետո շատ հարմար է ունենալ կառավարելի ընդդիմություն խարիզմատիկ առաջին դեմքով՝ դրսում պատճառաբանելու, ներսում կարգուկանոնը պահելու համար:
Բայց խաղի պայմանները թելադրում են, որ ներկայացումը շարունակվի ու հիմա անհասկանալի է՝ ի՞նչ խմբակցություն է ունենալու Գագիկ Ծառուկյանը, կառավարելի՞ են նրա անդամները: Ո՞վ ո՞ւմ հիմա պիտի հարց ու պատասխան տա՝ Գագիկ Ծառուկյա՞նը 12 պատգամավորներին, թե՞ նրանք Գագիկ Ծառուկյանին: Փաստացի նրանց մեջ միլիոնատերեր էլ կան, արդարության ծարավներ էլ, անգամ՝ Նապոլեոն և ճիշտ կլինի առանձնանան խմբակցության ներսում իրենց 12-ով ու «Սպարտակ» խումբ ստեղծեն: Եվ եթե խաղը շարունակվում է, չի՞ հարուցվելու քրեական գործ առերևույթ հանցագործությունը հետաքննելու համար, պարզելու՝ ո՞վ կամ ովքեր ու ի՞նչ իրավունքով, ի՞նչ նպատակով էին փորձում ժողովրդի ընտրյալներից խլել մանդատը, ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում են գրվել մանդատից հրաժարվելու դիմումները, ինչպե՞ս են իրականում վավերացվել: Սկանդալ է ի վերջո՝ 23 ինքնաբացարկի դիմում և ինքնաբացարկի 12 ինքնաբացարկ: ՈՒ ասում են, որ տեղյակ չէին իրենց հրաժարականի մասին, մամուլից են իմացել, չեն կարողացել պարզաբանումներ ստանալ Գագիկ Ծառուկյանից: Ընդունեք, որ պետության դեմ դավադրության առերևույթ հատկանիշներ կան, եթե հաշվի առնենք, որ մեկ տարուց խորհրդարանական կառավարում է սկսվում, և մանդատը բազմապատկում է դերն ու նշանակությունը:
Դեռ խորհրդարան չմտած՝ ԲՀԿ-ն նորից ապացուցեց, որ ինչ էլ հայտարարի՝ խաղալու է իշխանության դաշտում և միայն անվանական է լինելու Սերժ Սարգսյանի հռչակած «պատկառելի ընդդիմությունը»: 12 պատգամավորները, որ սկանդալով մտան խորհրդարան, չեն լինելու ոչ օրինաստեղծ, ոչ քաղաքական հայտնի գործիչներ, նրանց մանդատը անձնական օգտագործման իր է, Աբիսողոմ աղայի էշերի ու ագարակների պես, բայց դեմ չեն լինի անձնական իրերը օգտագործել հանրային նշանակությամբ՝ նայած ով ավելին կտա: Նորից հիշեք 2018-ի ապրիլը՝ վաղը երեկ է եկել, այսօրը ընթացիկ իրադարձությունների ժամանակն է, որ երբեմն անհասկանալի են, երբեմն սկանդալային, երբեմն անարդար, բայց հավաքում են խճանկարը, որ հետո ստանալու ենք իբրև կատարված փաստ: Որովհետև մենք մեր երկրում հանդիսատես ենք: Մեր հացի հաշվին մեզ զվարճանք են տալիս, իսկ մենք վերջին հիմարի նման նույնիսկ ծափահարում ենք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ուղերձ էր հղել, ասել էր՝ «Լրագրողները գնում են ամենավտանգավոր վայրերը՝ լսելի դարձնելու ձայն չունեցողների ձայնը։ Մեդիա դաշտի աշխատողները դառնում են զրպարտության, սեռական բռնության զոհ, ձերբակալվում են, վիրավորվում ու նույնիսկ զրկվում կյանքից»։ Ասել էր՝ «Անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը պայքարի հանուն ճշմարտությունն իմանալու իրավունքի»։ Բայց չէր ասել՝ ի՞նչ պիտի անեն նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը ու չգիտեն ի՞նչ անել իրենց իմացածի հետ: Չէր ասել՝ ի՞նչ անել, որ ճշմարտությունը փոխի աշխարհը։ Չէր ասել՝ ինչպե՞ս պաշտպանել նույն այդ ճշմարտությունը ստից, խաբեությունից, հիմարությունից ու փողից: ՈՒ եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ չգիտի, ազատո՞ւմ է մեզ պատասխանատվությունից: Յուրաքանչյուրս մեր կյանքն ենք ապրում՝ մեզ են ստում, մեզնից են խլում, մեզ են դատապարտում կեղծիքի մեջ ապրելու: Ոչ մի նշանակություն չունի, որ վաղը երեկ է եկել, իսկ մենք տանը չէինք, տունը մնում է տուն, որ պիտի ունենա տանտեր, իսկ մենք մեզ տնվորի պես ենք պահում, որ չի ուզում վարձը տալ: